Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ

Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կարևորագույն կրթական նախաձեռնություններից է, որի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմությամբ, ակտիվ հասարակական դիրքորոշմամբ և ազգային արժեքներով առաջնորդվող ուսանողներին։

Մրցույթը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանակիր, ԵՊԲՀ ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Կիմ Խաչատրյանի անունը՝ հավերժացնելով նրա հիշատակը և շարունակելով նրա նվիրումն ու արժեքները երիտասարդ սերնդի շրջանում։

Մրցույթի նպատակները

Կրթաթոշակի մրցույթը նպատակ ունի՝

  • խրախուսել ուսանողների ակադեմիական առաջադիմությունը,
  • արժևորել հասարակական ակտիվությունն ու նախաձեռնողականությունը,
  • աջակցել ազգային և հանրային պատասխանատվությամբ առաջնորդվող երիտասարդներին,
  • պահպանել և փոխանցել մեր ընկեր Կիմ Խաչատրյանի հիշատակը և նրա թողած արժեքային ժառանգությունը։

Մրցույթն անցկացվում է հայտարարված պայմանների համաձայն։ Դիմորդների գնահատումն իրականացվում է սահմանված չափանիշների հիման վրա, իսկ հաղթողները ստանում են անվանական կրթաթոշակ և համապատասխան հավաստագիր։ Յուրաքանչյուր տարվա մրցույթի պայմանները տարբերվում են և կարող են փոփոխվել։

Մրցույթի պայմանները, հայտերի ընդունման ժամկետներն ու մասնակցության կարգը հրապարակվում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության պաշտոնական հարթակներում յուրաքանչյուր մրցույթի մեկնարկից առաջ։

Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակը միայն կրթական աջակցություն չէ։ Այն նաև պատասխանատվության, նվիրումի և հայրենասիրության խորհրդանիշ է՝ կոչված ոգեշնչելու երիտասարդներին իրենց գիտելիքը, կարողություններն ու ներուժը ծառայեցնել Հայաստանի և հայ ժողովրդի զարգացմանը։

Այս նախաձեռնությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» թւսանողական միությունը շարունակում է արժևորել կրթությունը, խրախուսել երիտասարդների առաջընթացը և պահպանել իր նվիրյալ ընկերոջ հիշատակը՝ այն վերածելով ապագա սերունդներին ոգեշնչող արժեքի։