Բանավեճի ակումբ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության «Բանավեճի ակումբը» կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել բանավիճելու մշակույթը, քննադատական մտածողությունը, փաստարկված խոսքը և հանրային ելույթի հմտությունները։

Ակումբը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալ բանավեճի տեսական հիմունքներին, կիրառել ստացած գիտելիքները գործնական փուլերում և մասնակցել տարբեր հասարակական, քաղաքական ու արդիական թեմաների շուրջ կառուցողական քննարկումների։

Ակումբի առաջին՝ գարնանային հոսքը մեկնարկել է 2026 թվականի մարտին և տևել շուրջ չորս շաբաթ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները զարգացրել են բանավեճի կառուցման, փաստարկման, հակափաստարկման, թիմային աշխատանքի և հանրային խոսքի հմտությունները՝ մասնակցելով գործնական բանավեճերի և քննարկումների։

Բանավեճերի գնահատումն իրականացրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամները, միութենական ավագ ընկերները, ինչպես նաև հրավիրված փորձառու դատավորներ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ և ոլորտի մասնագետներ։

Առաջին հոսքի հաջող ընթացքն ու երիտասարդների մեծ հետաքրքրվածությունը հիմք են հանդիսացել ծրագրի շարունակական զարգացման համար։

«Բանավեճի ակումբը» նպատակ ունի ձևավորել երիտասարդների ակտիվ համայնք, որը պատրաստ է կառուցողական երկխոսության, փաստարկված քննարկումների և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում պատասխանատու մասնակցության։