Մեր Մասին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 1990 թվականին հիմնադրված ուսանողական կազմակերպություն է, որը միավորում է հայ դաշնակցական ուսանողներին՝ նպաստելով հայ երիտասարդների կրթական, ազգային և հասարակական զարգացմանը։ Միությունը իրականացնում է կրթական ծրագրեր, հասարակական նախաձեռնություններ և ստեղծում հարթակ երիտասարդների համագործակցության ու ինքնազարգացման համար։

ՆԱՈւՄ-ի պատմությունը սկսվեց 1990-ականների սկզբին, Դաշնակցության ընդհատակյա գործունեության շրջանում, երբ գաղափարի շուրջ համախմբված անհատ ուսանողները սկսեցին համալրել կուսակցական շարքերը։

  Սեպտեմբերին կայացվեց ճակատագրական որոշումը՝ հիմնել ուսանողական միություն, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ԵՊՀ այդ ժամանակներում արևելագիտության, ներկայումս բանասիրության ֆակուլտետի 220 լսարանում, գումարվեց միության հիմնադիր ժողովը։ Առանց երկմտելու ընտրվեց միության անունը՝ Նիկոլ Աղբալյան, Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարարի անունով։ Այդ ընտրությամբ հստակ ձևակերպվեց նաև միության առաքելությունը՝ կրթություն, ազգային գաղափար և քաղաքական գիտակցություն։

  Միության ստեղծումից հետո սկսվեց աշխույժ կազմակերպչական, հասարակական և քաղաքական գործունեություն։ Բուհերում ձևավորվեցին աղբալյանականների խմբեր, հրատարակվեց «Ուսանող» թերթը, որը հետագայում դարձավ «Երկիր» օրաթերթի հավելված։ Այն միակն էր իր տեսակի մեջ և մինչ օրս էլ սերունդների հանդիսանում է աշխատասիրության և բծախնդրության նշաձող։

  Կազմակերպական առաջին հաջողություններից էր ՀՅԴ 100 ամյակի միջոցառմանը կազմակերպումը, որը տեղի ունեցավ Երևանի օպերայի և պալետի պետական թատրոնի մեծ դահլիճում և կուսակցությունը հանրային կերպով իր ներկայությունը բացահայտեց մայր հայրենիքում։

  Միությունը ներգրավվեց հիմնական քաղաքական գործընթացների մեջ. 1991 թվականին կազմակերպվեց լայնածավալ ստորագրահավաք՝ Կարսի և Մոսկվայի պայմանագրերի չեղարկման պահանջով։ Հազարավոր ստորագրություններ, բազմահազարանոց հանրահավաք, հանրային ճնշում՝ մինչև Գերագույն խորհրդի հատուկ փակ խորհրդակցություն։ Մի այդպիսի նախաձեռնությամբ աղբալյանականները հիմնավորեցին իրենց՝ երիտասարդ, բայց ազգային ուղեգծով հաստատուն քաղաքական ներկայությունը։

  ՆԱՈւՄ-ի պատմության ամենախորհրդանշական ու ցավալի, միաժամանակ՝ ամենափառավոր էջերից մեկը կապված է արցախյան պատերազմների հետ։ Աղբալյանականները երբեք միայն ուսանողական կազմակերպության անդամներ չեն եղել․ նրանք եղել են այն սերունդը, որը գաղափարախոսությունից անմիջապես անցել է գործողության՝ կանգնելով հայրենիքի պաշտպանության առաջնագծում։

  1991թ.-ին ստեղծվեց ուսանողական ջոկատը՝ Արթուր Ղարիբյանի գլխավորությամբ։ Տարբեր տարիների ընթացքում ջոկատի կազմում ընդգրկվել են շուրջ 60-70 երիտասարդներ, որոնք կռվել են Արցախի առաջին պատերազմի գրեթե բոլոր ճակատներում՝ Գետաշեն, Շահումյան, Հադրութ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան և այլ հատվածներում։

  Միությունը հայրենիքի պաշտպանության համար տվեց անմահ ընկերների՝ Արթուր Կարապետյան, Ներսես Բարբարյան, Գագիկ Գրիգորյան, Համլետ Հայրյան, Գրիգոր Գրիգորյան, Վահե Բաղդասարյան, Մհեր Ջուլհաճյան, իսկ 44-օրյա պատերազմում՝ Կիմ Խաչատրյանը։ Նրանց կյանքը, պայքարը, նվիրումն ու հավատը դարձել են միության ինքնության անբաժանելի մասը։ Այսօր միության խմբերը կրում են նրանց անունները։ Նրանց անուններով կոչված խմբերը ոչ միայն հիշողություն են պահպանում, այլ նոր սերունդներին փոխանցում պարտավորություն՝ լինել նույնքան խիզախ, նույնքան սկզբունքային և նույնքան պատրաստ ծառայելու հայրենիքին։ Հիշողությունը դարձել է պատգամ, իսկ պատգամը՝ պարտավորություն։

  Սա պարզապես անցյալի վավերագրություն չէ, այլ հիմք, որի վրա միությունն ամրացնում է ներկան ու ձևավորում ապագան։

  Միության պատմության կարևոր էջերից է  Շուշիի թեմական վարժարանի վերաբացման նախաձեռնությունը։ 1992-ին, Շուշիի ազատագրումից մի քանի օր անց, որոշվեց վարժարանին, որտեղ ուսանել էր նաև Արամ Մանուկյան, նոր կյանք հաղորդվել և հանձն առնել նոր սերունդներ կրթելու սուրբ գործը։ Չնայած բազում դժվարությունների, նույն տարվա սեպտեմբերին վարժարանը իր դռներն արդեն բացեց։ Շատ ՆԱՈւՄ-ականներ մեկնում էին Արցախ՝ դասավանդելու, կրթելու, ծառայելու։

  Հաջորդ հազարամյակում ՆԱՈւՄ-ի գործունեությունը շարունակվեց նույն եռանդով՝ սկսած սոցիալական և կրթական խնդիրների բարձրաձայնումից մինչև կառավարության հրաժարականի պահանջ։ Աղբալյանականներն ակտիվ են եղել ուսանողական խորհրդարաններում, ուսանողական գիտական ընկերություններում, կազմակերպել են տարաբնույթ խորհրդաժողովներ։

  Վերջին տարիներին միությունը, անմասն չմնալով հայրենիքի համար մղվող պայքարից, նոր շունչ տվեց կրթական ու քաղաքական ծրագրերին։ Իր ակտիվ մասնակցությունն է ունեցել տարաբնույթ քաղաքական փողոցային պայքարներին։ ՆԱՈՒՄ-ականները եղել են հայրենիքի փրկության համար մղվող մարտերում և’ թիկունքում, և’ առաջնագծում։

Աղբալյանականները եղել են թե’ փողոցում, թե’ լսարաններում։ Պետականությանը սպառնալիք հանդիսացող այս իշխանությունների օրոք, ի հակառակ իրենց ապազգային քաղաքականության՝ միությունը հանձն առավ երիտասարդներին կրթելու պատասխանատու գործը։ Նախաձեռնվեց «Հանրային քաղաքականության լսարանը», որը նպատակ ուներ քաղաքականապես հետաքրքրված երիտասարդներին տալ էլ ավելի ամուր քաղաքական մտածողության հենք։ Ծրագրի հաջողությունները պարտավորեցնող էին և այն դարձավ ազգային-քաղաքական դպրոց, ոևը անվանակոչվեց ընկեր Վահան Հովհաննիսյանի անունով։ Տարիների ընթացքում լայն տարածում ձեռք բերած և իր տեսակի մեջ եզակի ազգային-քաղաքական դպրոցը դարձավ ամենամրցունակ և հանրաճանաչ ծրագրերից ուսանողության շրջանում։ Այսօր «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոցը ունի հարյուրավոր շրջանավարտներ և յուրաքանչյուր փուլի մեկնարկին ունենում է էլ ավելի մեծ պահանջարկ։

  Միության կարևոր ծրագրերից է նաև Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովը, որի ընթացքում պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ, որոնց մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները և բազմաթիվ ուսանողներ, որոնց ևս հնարավորություն է տրվում հանդես գալ զեկույցներով։

  44-օրյա պատերազմում զոհված ընկեր Կիմ Խաչատրյանի պատվին նախաձեռնվել է «Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակային մրցույթը», որը դարձել է երիտասարդության համար նվիրումի ու պատասխանատվության խորհրդանիշ։

  Միությունը հանդիսացավ բազում ընկերների կյանքի ուղեգծի որոշիչը, անցնելով «կադրերի դարբնոցով» բազում ընկերներ շարունակելով իրենց գործունեությունը՝ տարիների ընթացքում զբաղեցրել են պետական ու կուսակցական ամենաբարձր պաշտոնները՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի անդամներ։

  Այս ամենը նպատակ ունի ոչ միայն կրթել, այլև ներգրավել ու ոգևորել երիտասարդությանը՝ պետականաշինության ու գաղափարական մտածողության դաշտում։

  35 տարիները պարզապես թվեր չեն։ Դրանք պատմություն են՝ պայքարի, կրթության, կամքի, նվիրվածության։ ՆԱՈւՄ-ը մնում է այն եզակի ուսանողական կառույցներից, որը ոչ միայն դիմացել է ժամանակի փորձությանը, այլ ձևավորել է մի ամբողջ սերունդ՝ ազգային մտածողությամբ, քաղաքական գիտակցությամբ, հայրենասիրական զենքով և ապագայի հանդեպ հավատով։

  Այսօր, նոր մարտահրավերների պարագայում, Աղբալյանականները շարունակում են իրենց ճանապարհը նույն գաղափարով՝ կերտել ազգային պետություն, պահպանել ու զարգացնել հայ ժողովրդի ինքնությունը, և լինել այն սերունդը, որը կկայունացնի ու կվերակառուցի ապագան։